«Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան` Վարուժան Խտըշյանին
Մարտի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսը լիբանանաբնակ թատերական գործիչ Վարուժան Խտըշյանին նրա 70-ամյա հոբելյանի առիթով հանձնեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան` մշակույթի անդաստանում նրա ներդրումի արգասավոր ծառայության ու վաստակի համար:
«Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ թատերական արվեստի ասպարեզում Ձեր երկարամյա եւ գովարժան գործունեությանը: Մշակույթի նկատմամբ սիրո գիտելյաց լույսը ստանալով տաղանդաշատ ուսուցիչներից, դառնալով օժտված դերասան ու բեմադրիչ հայտնի թատերախմբերի ղեկավար` Դուք քաջեռանդ աշխատանքով աստվածապարգ Ձեր շնորհն ու կարողությունները ի սպաս դրեցիք` բարեզարդելու հայ թատերարվեստի ավանդները նորանոր ձեռքբերումներով: Մեծապես գնահատելի է հայորդուդ աստվածահաճո վաստակը սփյուռքահայ թատրոնի զորացման հատկապես Հայաստան-սփյուռք թատերական կապերի ամրապնդման ու արդյունավորման կարոր գործում: Թատերասեր հայ հասարակությանը ծանոթ են Ձեր բեմադրությունները եւ հիշարժան բեմականացումները Հայաստանի բեմերում, որոնք մեծ աշխուժություն առաջացրեցին Մայր Հայրենիքի մշակութային կյանքում: Հյուրախաղերով հանդես գալով Սփյուռքի հայ համայնքներում` Դուք նաեւ հայաշունչ ոգին ու մեր թանկագին արժեքների հանդեպ սերն եք հաստատել մեր ժողովրդի զավակաց հոգիներում:
...Գովելի է, որ մանկավարժական բեղուն գործունեությամբ Լիբանանի պետական համալսարանում երկար տարիներ երիտասարդ սերնդին գիտելիքների հետ փոխանցել եք նա Ձեր սերն ու նվիրումը թատերական արվեստի հանդեպ», - ասվում է Հայրապետական սրբատառ կոնդակում: